Ուկրաինան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ակտիվ կերպով կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ձեռնարկումներին: Այս մասին նշել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Ուկրաինացի դիվանագետը հիշեցրել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 6-7-ին Դուբլինում կայացել է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստը, որի ժամանակ Իռլանդիան այդ հեղինակավոր կազմակերպության նախագահությունը հանձնել է Ուկրաինային: «Մեզ համար սա շատ կարեւոր եւ պատասխանատու առաքելություն է եւ Ուկրաինան պատրաստ է եռանդուն եւ արդյունավետ աշխատանքի: Մեր երկրի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով` նշել է հիմնական գերակայությունները:
Ուկրաինայի նախագահության հիմնական ուղղությունները կլինեն ԵԱՀԿ երկրներում հակամարտությունների կարգավորման հարցերը, ԵԱՀԿ տարածքում վստահության եւ անվտանգության միջոցների ամրապնդումը,էներգետիկ անվտագության ապահովման մեջ կազմակերպության հնարավորությունների օգտագործումը, նպաստելով տնտեսական, այդ թվում նոր առեւտրային եւ տրանսպորտային միջանցքների զարգացմանը: Բացի այդ, Ուկրաինան մտադիր է ԵԱՀԿ շրջանակներում նախաձեռնել նոր երկխոսություններ` կապված Եվրոպայում սովորական սպառազինությունների վրա ապագա վերահսկողական կարգի նոր հիմքի հետ, որը պետք է հաշվի առնի ԵԱՀԿ անդամ երկրների անվտանգության շահերը»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով` Ուկրաինայի ԵԱՀԿ նախագահության շրջանակներում գերակայությունների մեջ նշանակալի տեղ կզբաղեցնեն մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: ԵԱՀԿ նախագահի` Հարավային Կովկաս այցելելու հնարավորության հարցին ի պատասխան, Իվան Կուխտան հայտնել է, որ դեռ այցելության ժամկետը որոշված չէ, սակայն, հնարավոր է, որ դա կլինի 2013 թվականի առաջին եռամսյակում, կամ երկրորդ եռամսյակի սկզբին:


0 коммент.:
Отправить комментарий