Էլմար Մամեդյարով.Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից


Փետրվարի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հաղորդում է 24 ժամը՝ վկայակոչելով ԱՀ ԱԳՆ հաղորդագրությանը, հանդիպմանը Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Լավ հեռանկարներ կան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում համագործակցության ընդլայնման համար: Նախարարն ընդգծել է բարձր մակարդակով փոխադարձ այցերի նշանակությունը՝ երկկողմ կապերի խորացման առումով:  
Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը, Էլմար Մամեդյարովը ասել է, որ «կարևոր է կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում»: «Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից, ինչի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելացնի իր միջնորդական ջանքերը»:
Իր հերթին, Իտալիայի փոխարտգործնախարար Մարտա Դասսուն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակից: Նա ասել է, որ Իտալիան շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ հատուկ ընդգծելով Ադրբեջանի դերը Եվրոպային էներգակիրներով ապահովելու գործում:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ